Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում։ Նախագահի թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Շարունակելու եմ աջակցել Հայաստանին»,- նշել էր նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Լեռնային Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«Վարչապետը, լինելով տնտեսագետ, կարող է և չիմանալ «հավակնոտ» բառի իմաստը»

«Վարչապետը, լինելով տնտեսագետ, կարող է և չիմանալ «հավակնոտ» բառի իմաստը»
18.07.2008 | 00:00

և ոչ միայն մշակույթի մասին
«ԽԱԽՏՎԵԼ Է ՄԵՐ ՀՈԳՈՒ ԵՎ ԴՐՍԻ ԱՇԽԱՐՀԻ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ»
Գրող, հրապարակախոս ՍԵՅՐԱՆՈՒՀԻ ԳԵՂԱՄՅԱՆԸ բազմաթիվ ուշագրավ գրքերի հեղինակ է, որոնք արդիական խնդիրներ են վերհանում և փորձում են ընթերցողի հետ գտնել դրանց պատասխանները: Նրա հետ զրույցում շոշափվում են մարդկային և հասարակական հարաբերությունների, մշակույթի և էթիկետի հարցեր:
«ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՀԱՇՎԵ՞Լ Է, ԹԵ ՔԱՆԻ ԿԻԼՈԳՐԱՄ ՓՈՇԻ ԿՈՒԼ ՏՎԵՑ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԵՐԵՎԱՆՑԻ ԱՅՍ ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ»

-Տիկին Գեղամյան, Արտաշես Գեղամյանի հետ ազգակցական կապեր ունե՞ք։
-Ոչ: Ասեմ նաև, որ չեմ կիսում նրա տեսակետները:
-Բավարարվենք այդ հակիրճ ներկայացմամբ ու փաստենք, որ Ձեր գրքերում հիմնականում արծարծվում են հատկապես բարոյական արժեքների խնդիրներ:
-Այսօրվա կյանքի հետևանքն է, որովհետև մեր հասարակության ամենամեծ թերությունն անցյալի արժեքների չիմացությունն է և քամահրանքը դրանց նկատմամբ, բարոյական չափանիշերի ոտնահարումը և հատկապես՝ բարեկրթության պակասը, միմյանց տեսակետները հարգելու, դիմացինի մեջ մարդուն տեսնելու և գնահատելու մշակույթի պակասը:
-Մշակույթի մասին խոսում ենք ամենուր և շարունակ:
-Ես ուզում եմ տարանջատել «արվեստ» և «մշակույթ» հասկացությունները: Մենք ունենք արվեստ, հաճախ շատ բարձր մակարդակի արվեստ, սակայն լայն առումով չունենք մշակույթ: Իմ կարծիքով՝ մշակույթը մեր կենսակերպի ամբողջությունն է: Հաճախ մեր համերգասրահներում կամ ցուցասրահներում ներկա ենք լինում արվեստի բարձր դրսևորումների, սակայն այդ սրահներից դուրս բախվում ենք ամենաբռի, մարդու արժանապատվությունը նսեմացնող երևույթների՝ կեղտոտ փողոցներ ու երթուղայիններ, որոնց մեջ հնչող ահավոր ցածրաճաշակ երաժշտությունը սղոցում է ոչ միայն ականջդ, այլև հոգիդ, շինարարական փոշի, որ կանաչից ու ծառերից զրկված մեր քաղաքում դարձել է բնակչության թիվ մեկ «սնունդը»: Որևէ մեկը հաշվե՞լ է արդյոք, թե քանի կիլոգրամ փոշի կուլ տվեց յուրաքանչյուր երևանցի այս տարիների ընթացքում, և արդյոք դրա՞ հետևանքը չեն այսքան ակտիվացած զանազան հիվանդությունները: Էլ չեմ խոսում այն բառապաշարի և խոսելաոճի մասին, որ մենք լսում ենք ամենուր, սկսած Ազգային ժողովից մինչև հեռուստառադիոեթեր, այն անհարգալից, անհանդուրժող վերաբերմունքի մասին, որ ցուցաբերում ենք իրար հանդեպ: Մշակույթ ստեղծելը համապետական կարևորության հարց է:
-Ինչ-որ էական բան շեղվե՞լ է իր հունից:
-Այո, շատ կարևոր բան. խախտվել է մեր ներսի և դրսի ներդաշնակությունը, ինչը հաճախ մարդկանց գցում է հուսահատության գիրկը:
«ՄԻՇՏ ԶԱՐՄԱՑԵԼ ԵՄ, ԹԵ ԻՆՉՊԵՍ Է ՊԱՏԱՀՈՒՄ, ՈՐ ԿԱՐՃ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՄԵՐ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՇՐՋԱՊԱՏՈՒՄ ԵՆ ԲԱԶՄԱԹԻՎ ԱՆՀԱՋՈՂ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐՈՎ»
-2005-ին ՀՀ հրատարակչական գործի գործակալության պետի տեղակալի պաշտոնում Ձեր փոխարեն մշակույթի ՕԵԿ-ական նախարար Հովիկ Հովեյանը նշանակեց մասնագիտությամբ շինարար մի ՕԵԿ-ականի։
-Անցած բան է, անշուշտ, և ես այդ մասին չէի ուզենա խոսել: Բայց ասեմ նաև, որ նշանակումից հետո ես շնորհավորեցի նրան, և մենք աշխատեցինք փոխադարձ հարգանքի մթնոլորտում: Սա նույնպես յուրահատուկ կուլտուրա է, և կուզենայի, որ պահպանվեր մեր շրջապատում: Ինքը մեղավոր չէր, մեղավորը մեխանիզմներն ու սկզբունքներն են, սրտացավության պակասը երկրի ճակատագրի հանդեպ: Այսօր էլ այդ նույն սխալները կրկնվում են ամենուր: Ասեմ նաև, որ կադրային քաղաքականությունը եղել և մնում է մեր անկախության շրջանի ամենաչհաղթահարված խնդիրներից մեկը: Ես միշտ զարմացել եմ, թե ինչպես է պատահում, որ կարճ ժամանակահատվածում մեր պաշտոնյաներն իրենց շրջապատում են բազմաթիվ անհաջող խորհրդականներով, որոնք փոխանակ իրենց պահվածքով, վարք ու բարքով, իրենց ուղղակի պարտականությունների կատարումով բարձրացնեն ղեկավարի իմիջը, անում են ճիշտ հակառակը:
-Կարո՞ղ եք օրինակ բերել:
-Օրինակները բազմաթիվ են, սակայն բերեմ մեկ-երկուսը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը, ներկայացնելով կառավարության ծրագրերը, հաճախ օգտագործում է «հավակնոտ» բառը, թերևս բնորոշելու համար այդ ծրագրերի մեծամասշտաբ, նպատակային, լայն ընդգրկումները: Եվ, զարմանալիորեն, նրա խորհրդականների մեջ չի գտնվում մեկը, որը «խիզախի» նրան ասել, որ «հավակնոտ» բառն ունի այլ, բոլորովին հակառակ իմաստը: Վարչապետը, լինելով տնտեսագետ, կարող է և չիմանալ այդ բառը: Մինչդեռ նրանք ոչ միայն չեն փորձում անել այդ, այլև իրենք են սկսել տեղին-անտեղի օգտագործել այդ բառը…
«ԱՅՆ, ԻՆՉ ԱՐԵՑ Հ1 ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԸՆՏՐԱՐՇԱՎԻ ԺԱՄԱՆԱԿ, ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ, ՈՐ ՉԷՐ ԿԱՐՈՂ ԱՆԵԼ ԱՆԳԱՄ ԱՄԵՆԱԹՈՒՆԴ ԸՆԴԴԻՄԱԴԻՐԸ՝ ՀՕԳՈՒՏ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ»
-Դուք ինչպե՞ս կվարվեիք, եթե նախագահի կամ վարչապետի խորհրդականը լինեիք։
-Ես հիմա էլ ասում եմ՝ հարգարժան վարչապետ, հայոց լեզվի բոլոր արմատական և բացատրական բառարաններում «հավակնոտ» բառն ունի հետևյալ բացատրությունը. «մեծամիտ, իր ուժերից վեր հավակնություններ ունեցող» իմաստ: Պատահական չէ, որ առաջներում թագավորները, նազիր-վեզիրներից զատ, պահում էին ծաղրածուներ, ովքեր կատակով թագավորին հանրության առջև ասում էին ճշմարտություններ նրանց մասին: Շատ իմաստուն երևույթ է: Չէ՞ որ ամենամեծ իմաստնությունները պարունակում են մեր հեքիաթները: Մեկ այլ օրինակ բերեմ. ես դարձյալ զարմանում եմ, թե ինչպես մեր ոչ մի նախագահ չունեցավ իր ընտրարշավը ճիշտ կազմակերպող կադրեր: Օրինակ, այն, ինչ արեց Հ1 հեռուստաընկերությունը Սերժ Սարգսյանի ընտրարշավի ժամանակ, համոզված եմ, որ չէր կարող անել անգամ ամենաթունդ ընդդիմադիրը՝ հօգուտ Լևոն Տեր Պետրոսյանի: Այն մեթոդները, որոնք օգտագործվում էին իբր վարկաբեկելու Տեր-Պետրոսյանին, հավատացեք, վերաճում էին բոլորովին հակառակ էֆեկտի: Անընդհատ սևացնելը, ամենաանթույլատրելի որակումները կպցնելը նախկին նախագահին, նաև բազմահազար հանրությանը, որի մեջ կան շատ պատվարժան մարդիկ, տարբեր առիթներով «բոմժ» կամ «խաժամուժ», անգամ «զիբիլ» (ներողություն) անվանելը ուղղակի անհանդուրժելի են: Կամ երբ արցախյան պայքարի հերոսական տարիները որակվում էին զուտ որպես «ցրտի ու մութի տարիներ»: Ո՞վ է իրավունք տվել. չէ՞ որ այդ տարիներին մենք հերոսական պահվածք ենք ի հայտ բերել, խորապես գիտակցելով, որ մեր զոհողություններն իմաստ ու արժեք ունեն: Եվ, հավատացեք, յուրաքանչյուր այդպիսի որակումից հետո վստահաբար ավելացել են հրապարակ դուրս ելած բազմության շարքերը: Չի կարելի հանրային հեռուստաեթերից վիրավորել ժողովրդի ինքնասիրությունը, նրա արժանապատվությունը: Նույնը կարող եմ ասել նաև Լևոն Տեր-Պետրոսյանի քարոզիչների մասին: Ինձ դուր չի գալիս, երբ արտահայտություններն անցնում են պարկեշտության սահմանները: Դա նաև նրանից է, որ ես չափազանց պահանջկոտ եմ խոսքի կուլտուրայի հանդեպ: Ես կարծում եմ, որ ցանկացած ճշմարտություն կարելի է ձևակերպել պարկեշտ բառամթերքով, որը, ի դեպ, ավելի մեծ ներգործություն ունի զանգվածների վրա: Ահա մի քանի օրինակ սխալ կադրային քաղաքականության: Եվ, վերջապես, երբ նսեմացվում են առաջնորդները, լինեն ներկա թե անցած, նսեմացվում է նաև ժողովուրդը: Չէ՞ որ նրա մի հատվածը եղել է կրողը այդ առաջնորդի գաղափարների:
-ՈՒրեմն ի՞նչ եք առաջարկում, գլուխներս ո՞ր քարին տանք:
-Դա, անշուշտ, դժվար հարց է, սակայն այսօր այնքան վճռորոշ փուլի առջև ենք կանգնած, որ գոնե հիմա սխալվելու իրավունք չունենք: Ինչպես Դիոգենեսը հին ժամանակներում, լապտերը ձեռքին, մարդ էր փնտրում, այնպես էլ պաշտոնյաները պետք է մասնագետ փնտրեն: Պետք է վճռականորեն հրաժարվել ցուցումներով, հովանավորչությամբ կադրեր նշանակելու արատավոր պրակտիկայից: Ի դեպ ասեմ, որ համատարած մեկ այլ սխալ մոտեցում նույնպես կա. առաջնային չափանիշերից մեկը դարձել է օտար լեզվի իմացությունը: Օտար լեզու իմանալը, անշուշտ, հրաշալի առավելություն է, սակայն միայն այն դեպքում, երբ տվյալ անհատը լավագույն ձևով տիրապետում է մայրենիին: Ես բազմիցս տարբեր հիմնարկներում ականատես եմ եղել, թե ինչպես աշխատակիցները չեն կարողանում հայերեն մեկ-երկու գրագետ նախադասություն շարադրել: Երիցս համոզված եմ, որ եթե իր հողի ու ջրի մթնոլորտում մեծացած մարդը չի տիրապետում սեփական լեզվին, նա ոչնչի չի կարող լիարժեք տիրապետել: Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի ընդունվելու առաջին պայմանը պետք է լինեն հայերենին տիրապետելու մակարդակը և, անշուշտ, մասնագիտական կարողությունները: Իհարկե, կուսակցական պատկանելության դերը նույնպես պետք է նվազագույնի հասցնել, մանավանդ, երբ տեսնում ենք, որ կուսակցություններն այնքան էլ պատասխանատվություն չեն կրում իրենց նշանակած կադրերի սխալների համար:
-Մշակույթի ներկա նախարարը կուսակցական չէ, սակայն մթնոլորտը նախարարությունում, մեղմ ասած, հեռու է բարվոք համարվելուց:
-Մշակույթի ներկա նախարարը նախորդներից ամենահաջողվածն է: Նա նվիրված է իր գործին և չափազանց աշխատասեր, մեծ ցանկություն ունի բարելավելու ոլորտը:
-Մեծ ցանկությունն ու աշխատասիրությունը բավարա՞ր են ղեկավարելու այդ ոլորտը: Նա երբեմն քայլեր է կատարում, որոնք տարակուսանք են առաջացնում:
-Գիտե՞ք, մշակույթի նախարարությունը կարծես հասարակության տեսողության կիզակետում է, և ցանկացած մարդ փորձում է դատողություններ անել այդ մասին: Բոլոր գերատեսչություններում էլ գնում են կադրերի նորացման պրոցեսներ, բայց, ինչպես ասացի, պետք է այս հարցում համակարգային սկզբունքայնություն ցուցաբերվի:
«ՉԿԱ ՈՒ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԱՎԵԼԻ ՄԵԾ ԳԱՂԱՓԱՐ, ՔԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՆՔՆ Է»
-Օրակարգում սփյուռքի նախարարության ստեղծումն է…
-Անկեղծ ասած, ես մի քիչ վերապահումով եմ մոտենում այդ անվանումին: Գուցե սխալվում եմ, բայց, իմ համոզմամբ, անվանումն այնքան էլ նպատակային չի ընտրված: «Սփյուռք» բառն առաջացել է պատմական որոշակի իրողության պատճառով և իր մեջ որոշակի իմաստ է կրում, մինչդեռ համոզված եմ, որ նորաստեղծ նախարարության գործունեության ոլորտը շատ ավելի լայն է լինելու՝ ընդգրկելու է արտերկրում ապրող հայությանը: Այս իմաստով գուցե նախընտրելի կլիներ այն անվանել արտերկրում ապրող հայության հետ կապերի նախարարություն: Սա, իհարկե, վիճելի հարց է: Ինչ վերաբերում է կադրերին, ապա այստեղ անհրաժեշտ է իսկապես լայնախոհ մոտեցում ցուցաբերել, քանի որ ինքը՝ սփյուռքը, բաղկացած է բազմաթիվ շերտերից, տարբեր համոզմունքներ դավանող անհատներից, և եթե ի սկզբանե տարբերակված, միակողմանի մոտեցում ցուցաբերվի, ինչպես դա արվում էր, ասենք, խորհրդային տարիներին, ապա դժվար թե ցանկալի արդյունք արձանագրվի: Որքան էլ դժվար լինի անձնական համակրանքներից ու հակակրանքներից զերծ մնալը, պետք է գտնել այնպիսիներին, ովքեր սփյուռքը գիտեն ամբողջությամբ, կարող են այն ընկալել հոգով ու սրտով, ովքեր իրենց գիտելիքները քամել են մեր երկրի ակունքներից, հողից ու ջրից, մշակույթից ու պատմությունից, ովքեր իրենց մեջ կրում են երկրի ցավը, ովքեր կարող են հայությանը ներշնչել, որ չկա ու չի կարող լինել ավելի իրական, հավերժական և մնայուն արժեք ու գաղափար, քան Հայաստանն ինքն է:
Հարցազրույցը՝ Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 7442

Մեկնաբանություններ